ՀՀ 2013 թ. պետական բյուջեում Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման համար նախատեսվում է հատկացնել 125,4 մլն դրամ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նախատեսվում է մաքրել 122.5 հա ջրածածկ անտառտնկարկներ:
Ըստ Ա. Հարությունյանի՝ մաքրման աշխատանքներն իրականացվում են մինչեւ 1901 մետր նիշը, ու այդ առումով մնացել է մաքրել 400-450 հա: Մաքրման աշխատանքներին ներգրավվել են նաեւ շրջակա համայնքների բնակիչներնն ու տնտեսվարողները՝ մաքրման դիմաց նրանք ստանում են վառելափայտ: Սակայն մաքրումը պետք է իրականացնել` բնապահպանական վճար մուծելով եւ «Սեւան» Ազգային պարկի հետ կնքած տիպային պայմանագրի հիման վրա:
Ա. Հարությունյանը հիշեցրեց, որ Սեւանա լճի բարձրացման ծրագիրը սկսվել է 9 տարի առաջ՝ նպատակ ունենալով 30 տարում լիճը բարձրացնել մինչեւ 1903,5 մետր (+1,5 մետր ալիքի ազդեցություն); Այսինքն՝ բոլոր կառույցները պետք է տեղակայվեն առնվազն 1905 մետր նիշի վրա: Ներկայում լճի մակարդակը գտնվում է 1900 մետր նիշի վրա, լճի բարձրացման ծրագիրն ընթանում է առաջընթաց տեմպով:





























