«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երրորդ օրն անընդմեջ դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կնքվում: Ընդհանուր առմամբ՝ դոլարի փոխարժեքն ունի աճի միտում: Այսպես՝ դոլարն այսօր պահանջարկ է վայելել 406,25 դրամով, սակայն համապատասխան առաջարկ չի եղել:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարը թանկացել է: Փոխանակման կետերի մի մասում դոլարի առքի փոխարժեքն առաջին անգամ այս շաբաթվա ընթացքում բարձրացվել է մինչեւ 406 դրամ: Դոլարի վաճառքն իրականացվում է առավելապես 408 դրամով: 

Forex միջազգային շուկայում դոլարն ու ֆունտ սթեռլինգն այսօր թանկացել են, իսկ եվրոն թուլացել է: Դոլարի ամրապնդմանը նպաստել են ամերիկյան տնտեսության վերաբերյալ պաշտոնական վիճակագրության դրական տվյալները: Սպասվում է, որ եթե նոյեմբերի 6-ին Բարաք Օբաման վերընտրվի ԱՄՆ նախագահ, դոլարի վերելքը կշարունակվի: Վերջին տվյալներով՝ եվրոյի արժեքը գտնվում է 1,2886 դոլարի սահմաններում:

Ռուսաստանի միջբանկային շուկայում ռուբլին թուլացել է դոլարի նկատմամբ՝ Forex-ում ընթացող գործընթացների ազդեցությամբ; 1 դոլարը գնահատվում է 31.3204 ռուբլի: