Չեչնիայի նախագահի խորհրդական Էմրուդին Էդելգիրիյեւը ձերբակալվել է Անթալիայի օդանավակայանում՝ մաքսանենգ ճանապարհով 12 կգ ոսկի տեղափոխելու մեղադրանքով։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 18-ին Անթալիայի օդանավակայանում ոստիկանությունը խուզարկել է Ռուսաստանի քաղաքացիներ Էմրուդին Էլեգիրիյեւի եւ Հասան Հակիմովի ուղեբեռները եւ հայտնաբերել 12 կգ ոսկու ստանդարտ ձուլակտորներ՝ ռուսերեն գրություններով։
Ձերբակալվածները պնդել են, թե ոսկին Թուրքիա էին բերել զարդեր պատրաստելու համար, սակայն վարպետները թանկ են ուզել եւ իրենք դրանք կրկին հետ են տանում իրենց երկիր։
Դատախազությունն անմիջապես գործի է անցել՝ պատրաստելով մեղադրական զեկույց, որով Չեչնիայի նախագահի խորհրդականի եւ նրա ընկերոջ համար պահանջվում է 1-ից 5 տարվա ազատազրկում։ Առաջին դատական նիստը տեղի կունենա մոտ օրերին։
Բռնագրաված 12 կգ ոսկին հանձնվել է Թուրքիայի կենտրոնական բանկին։





























