Ինտերնետում հայտնվել է գերության մեջ գտնվող սիրիացի զինվորականների զանգվածային մահապատժի  տեսագրությունը: Մահապատիժը նախնական տվյալներով իրականացվել է Իդլիբ նահանգում: ՄԱԿ-ում հայտնել են, որ եթե տեսագրության իսկությունը հաստատվի, ապա կազմակերպությունը նպատակ ունի  զինվորների մահապատիժը որակել որպես  ռազմական հանցագործություն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով  Գլխավոր հանձնակատարի մամուլի քարտուղար Ռուփեր Քոլվիլը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ անհայտ է, թե քանի մարդ է մահապատժի ենթարկվել, սակայն որոշ տվյալներով, գնդակահարվել է ամենաքիչը 28 մարդ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով Գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչը սիրիական հակամարտության մեջ ներքաշված  կողմերին կրկին կոչ է արել «հարգել մարդասիրական նորմերը եւ միջազգային իրավունքը»:

Ինտերնետում տեղադրված տեսանյութում, որի տեւողությունը 2 րոպե 40 վայրկյան է, անընդհատ «Ալլահ ակբար» բացականչող զինված մարդիկ  ծեծում են գետնին պառկած  գերիներին: Դրանից հետո լսվում է հրացանի շարունակական կրակոցի ձայն եւ տեսագրության մեջ երեւում է սպանվածներից մեկը:

Քննադատությամբ է հանդես եկել նաեւ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը: Կազմակերպությունը հայտնել է, որ կատարված սպանությունների հաստատման դեպքում, այն  կորակավորվի որպես «ռազմական հանցագործություն», հաղորդում է BCC-ի ռուսական ծառայությունը: