«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսը թեկնածուներ չեն առաջադրում նախագահական ընտրություններում, քանի որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Հարցին, թե ՀԱԿ-ը կպաշտպանի՞ ԲՀԿ կողմից ներկայացված ցանկացած թեկնածուի, նա պատասխանեց, որ ՀԱԿ-ի ներսում ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցում տրամագծորեն տարբեր կարծիքներ կան, «սակայն եթե նպատակահարմար լինի, ապա ՀԱԿ-ը կարող է եւ աջակցել ԲՀԿ-ի կողմից առաջ քաշված ցանկացած թեկնածության»:

Սրա հետ մեկտեղ, Սարգսյանը չբացառեց, որ ԲՀԿ-ի ներկայումս սպասողական վիճակում է եւ կարող է անակնկալ մատուցել՝ դեկտեմբերին հայտարարելով, որ պաշտպանում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Հիմա բոլորը ժամանակ են ձգում, քանի որ պայմաններ են առաջադրել միմյանց եւ սպասում են արդյունքներին, որից էլ կախված կլինի նրանց հետագա գործողությունները: Քաղաքական ուժերը իրար միջեւ լոկալ հարցեր են լուծում, որոնք ոչ մի կապ չունեն հասարակության խնդիրների հետ»,-ասաց քաղաքագետը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ներկայումս ավելորդ է խոսել Հայաստանի քաղաքական դաշտում իրական պայքարի մասին, քանի որ տեղի ունեցող իրադարձություններն ընդամենը տեխնոլոգիաներ են եւ առեւտուր: «Ավելորդ է խոսել պայքարի մասին»,-ամփոփեց նա: