Պակիստանում ծնողներն սպանել են իրենց 16-ամյա դստերը, երբ նրան բռնացրել են օտար տղայի հետ խոսելիս: Միջադեպը տեղի է ունեցել Քաշմիրի վիճելի տարածքի պակիստանյան հատվածում:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, 16-ամյա աղջկա ծնողները տեսել են, թե նա ինչպես է տան մոտ խոսում մի տղայի հետ եւ որպես պատիժ նրա դեմքին ծծմբաթթու են լցրել: Աղջիկը գլխի, վզի եւ ձեռքերի մաշկի 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել եւ քիչ անց մահացել է հոսպիտալում:
Հիվանդանոցի բժշկի խոսքով, աղջկա մայրը սկզբում հայտարարել է, որ դուստրը ցանկացել է ինքնասպան լինել, սակայն աղջկա մահից հետո ծնողները ոստիկանությունում խոստովանել են իրենց արարքը:
Lenta.ru-ի փոխանցմամբ, Պակիստանում մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի տվյալներով, 2011 թվականին այդ երկրում մոտ հազար կին սպանվել է, այսպես կոչված, «հանուն պատվի»:
2004 թվականին այդպիսի սպանությունների պրակտիկան արգելվել է օրենքով, իսկ օրինախախտներին մահապատիժ է սպառնում, սակայն, ըստ իրավապաշտպանների, այդ օրենքն անարդյունավետ է: Սպանությունների մեծ մասը կամ մնում է աննկատ, կամ իշխանությունները գրեթե չեն հետաքննում դրանք:





























