Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն մեկնաբանել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ուղղված առաջարկը՝ լքել նախագահական նստավայրը՝ չափից դուրս մեծ պահպանման ծախսերի պատճառով: Նա հայտարարել է, որ Վրաստանի նախագահի Թբիլիսիում գտնվող նստավայրը Սահակաշվիլիի սեփականությունը չէ: «Շենքը, որտեղ գործում է նախագահի աշխատակազմը, քաղաքացի Միխայիլ Սահակաշվիլիի սեփականությունը չէ, դա Վրաստանի նախագահի աշխատակազմն է: Տարբեր հաստատությունների նորմալ գործունեությունը բոլոր քաղաքակիրթ երկրների ժողովրդավարության մի մասն է»,-հայտարարել է Մանջգալաձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Մանջգալաձեն հույս է հայտնել, որ «նոր կառավարությունը նույնպես քաղաքակիրթ է վերաբերում անցման գործընթացին, ինչպես գործող նախագահն ու կառավարությունը»:
Ինքը՝ Միխայիլ Սահակաշվիլին դեռեւս չի մեկնաբանել վարչապետի պնդումները՝ նախագահական նստավայրի չափից դուրս մեծ ծախսերի մասին, որը կառուցվել է Մ«վարդերի հեղափոխությունից հետո»:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին առաջարկել է ազատել Թբիլիսիում գտնվող նախագահական նստավայրը, քանի որ այդ շենքի պահպանման ծախսերը չափից դուրս բարձր են:





























