Վրաստանում նախագահական ընտրությունները, Սահմանադրության համաձայն, կկայանան 2013 թվականի հոկտեմբերին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնամ Մանանա Մանջգալաձեն, մեկնաբանելով վերջին ժամանակներս հնչող հայտարարությունները, թե նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2013-ի հունվարին:
Մասնավորապես, նման հայտարարություններ հնչել են երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ խորհրդարանական մեծամասնության այլ ներկայացուցիչների շուրթերից: Նրանք հայտարարում են, որ նախագահի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվի 2013-ի հունվարին՝ երբ կլրանա Սահակաշվիլիի նախագահ ընտրվելու 5 տարին (նա երկրորդ անգամ նախագահ է ընտրվել 2008-ի հունվարի 5-ին): Միաժամանակ, 2010 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների համաձայն, նախագահական ընտրությունները պետք է կայանան 2013-ի հոկտեմբերին:
«Սահմանադրության համաձայն, Վրաստանի նախագահի լիազորություններն ավարտվում են նոր նախագահի ընտրությունից հետո: Նախագահական նոր ընտրությունները տեղի կունենան 2013-ի հոկտեմբերին: Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ դա հենց այն Սահմանադրությունն է, որի համաձայն ընտրվել է երկրի նոր խորհրդարանը եւ ստեղծվել նոր մեծամասնություն: Այն ժամանակ նրանք («Վրացական երազանք») սահմանադրական ժամկետների մասին հարցեր չէին բարձրացնում»,-հայտարարել է Մանջգալաձեն:





























