7-ամյա տղան չի կարողացել անգիր սովորել Ղուրանը, որի պատճառով մայրը ծեծելով սպանել է նրան: Միջադեպը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում:

32-ամյա Սառա Իգը խոստովանել է, որ ինքն ու ամուսինը ցանկանում էին, որ որդին հաֆիզ դառնա (մահմեդական, ով անգիր գիտի Ղուրանը): «Մենք բարձր նպատակ ունեինք, մենք ցանկանում էինք, որ նա 35 էջն անգիր անի 3 ամսում»,-հայտարարել է մայրը:

Որպես պարգեւ երեխային խոստացել են հեծանիվ գնել: Երբ տղան չի կարողացել սովորել եւ անգիր արտասանել մահմեդականների սուրբ գրքի անհրաժեշտ հատվածը, կինը դաժանաբար ծեծել է նրան: Ստացված վնասվածքներից 7-ամյա տղան մահացել է: Մայրն այրել է որդու մարմինը, որպեսզի թաքցնի իր հանցագործության հետքերը, հաղորդում է Pravda.ru-ն:

Ծնողները ոստիկանության աշխատակիցներին հայտարարել են, որ երեխան մահացել է հրդեհի հետեւանքով, սակայն դիահերձումը ցույց է տվել, որ Սառան ավելի վաղ դաժանաբար ծեծի է ենթարկել տղային:

Ավելի ուշ կինը խոստովանել է իր կատարած արարքը, սակայն հայտարարել է, որ շայթանն է իրեն ստիպել սպանել որդուն: Նրա ամուսինը հերքում է իր մասնակցությունը հանցագործությանը: