Նիգերիայի զինված ուժերի զինվորները երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Մայդուգուրի քաղաքում գնդակահարել են 40 մարդու:

Ականատեսների վկայությամբ, զինվորականները Մայդուգուրի քաղաքում հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել են տեղի բազմաթիվ բնակիչների, նրանք իրենց հետ տարել են  երիտասարդ տղամարդկանց ու գնդակահարել:

Քաղաքի մզկիթներից մեկի իմամ Հաջի Մուստաֆան BBC-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը, նշելով, որ ընդհանուր առմամբ սպանվել է 48 մարդ: Նրա խոսքով, զինվորականները մարդկանց տարել են անապատ եւ ստիպել պառկել գետնին: Զինվորականներից մեկը հանել է նոութբուքը, արտասանել այնտեղ գտնվող ազգանունները, որից հետո զինվորները մի քանի տասնյակ մարդկանց առանձնացրել են, ում ազգանունները հնչել են, եւ գնդակահարել նրանց:

Իր հերթին, քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները եւ Նիգերիայի բանակի հրամանատարությունը հերքել են 40 երիտասարդների գնդակահարության մասին տեղեկությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նիգերիայի հյուսիսում բնակվում են հիմնականում մահմեդականներ: Այնտեղ ակտիվորեն գործում է իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը: