Շոտլանդացի գիտնականները յուրահատուկ թեսթ են մշակել, որը նրանց պնդմամբ, թույլ է տալիս գրեթե 100 տոկոս ճշգրտությամբ բացահայտել շիզոֆրենիան:

Բժիշկները հայտարարել են, որ շիզոֆրենիայով հիվանդ մարդկանց մատնում է նրանց աչքերի խաղը: Աբերդինի համալսարանի գիտնականները մի շարք փորձեր են կատարել, որի շրջանակներում խնդրել են կամավորներին հայացքով հետեւել դանդաղ շարժվող օբյեկտներին, հաղորդում է The Daily Mail-ը:

Պարզվել է, որ շիզոֆրենիայով հիվանդ մարդիկ ունակ չեն սահուն կերպով հետեւել շարժվող առարկաներին: Նրանց հայացքը մշտապես հետ է մնացել շարժվող օբյեկտից եւ նրա «հետեւից հասնելու» համար, նրանց աչքերը մի քանի արագ շարժում են արել:

Բացի այդ, ըստ գիտնականների, շիզոֆրենիայով հիվանդները դժվարությամբ են կարողացել կենտրոնացնել հայացքը որեւէ առարկայի վրա, հաղորդում է «ԱԻՖ»-ը:

Փորձերի արդյունքում, հետազոտողները մեթոդ են մշակել, որն օգնում է 98 տոկոս ճշգրտությամբ պարզել շիզոֆրենիայի առկայությունը: