«Ժառանգություն» խմբակցությունը, անշուշտ, բյուջեի քննարկման ժամանակ հանդես կգա գիտության ֆինասավորման վերաբերյալ առաջարկություններով, սակայն այն բյուջետային քաղաքականությունը, որը որդեգրել է այսօր Հայաստանի կառավարությունը, որեւէ լուրջ հիմք չի տալիս մտածելու, որ գիտությունն իսկապես դիտվում է որպես առաջնահերթություն, որպես ռազմավարական ոլորտ, ինչպես բազմիցս հայտարարվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» խբակցության ղեկավար, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հանձնաժողովի անդամ Ռուբեն Հակոբյանը։
«Հայաստանի բոլոր կառավարությունները գիտությունը հայտարերել են որպես առաջնահերթություն, բայց, ցավոք, իրական կյանքում այդ առաջնահերթությունը չի առարկայացել որեւէ կառավարության օրոք։
Գիտության ասպարեզում մենք լուրջ նահանջ ենք արձանագրել Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո։ Մենք նահանջ արձանագրեցինք մի ոլորտում, որը մեր երկրի կարեւորագույն կապիտալներից մեկն է եղել, մեր կարեւորագույն զենքերից մեկը, որով մենք միշտ կարողացել ենք առանձնանալ։ Սա որպես ընդհանուր մոտեցում այս տարիների ընթացքում գիտության ոլորտի հետ կապված», - ասաց պատգամավորը։
Ռ. Հակոբյանը հավաստիացրեց, որ «Ժառանգությունը» շարունակելու իր ավանդույթները, եւ հանդես կգա առաջարկություններով, սակայն, կարծում է, որ կառավարությունը այդ առաջարկութնուններին չի ընդառաջի։ Ըստ նրա, «Ժառանգությունը» համարում է, որ ներկա պարագայում գիտության ֆինսավորումը կարելի է ավելացնել առնվազն 4 անգամ։ «Դա պրագմատիկ մոտեցմամբ, այսինքն, դա իրականում կարելի է անել», - ասաց Ռ. Հակոբյանը։
Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ առաջարկություն արվելու է գիտնականների աշխատավարձի վերաբերյալ, որն այսօր ամենացածրն է մեր երկրում, պատգամավորն ասաց, որ իրենք ունեն համակողմանի մոտեցում այս հարցին, իսկ աշխատավարձը մի առանձին տող է։ «Մենք անում ենք համալիր առաջարկություն, որը միտված է գիտության զարգացման համար համապատասխան տարածություն եւ հնարավորություն ստեղծելուն», - ասաց Ռ. Հակոբյանը։





























