Անշուշտ, գիտության ֆինանսավորումը անբավարար է, եւ «Ազատ դեմոկրատները» քննարկում են, ինչ է կարելի անել այս հարցը շտկելու համար, ելնելով երկրի հնարավորություններից։ Չէ՞ որ ֆիզիկապես այդ գումարները պետք է հայթայթվեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը։
Մեկնաբանելով այն, որ ՀԱԿ խմբակցությունը կոնկրետ առաջարկել է գիտության ֆինանսավորումը թռիչքաձեւ հասցնել մինչեւ ՀՆԱ-ի 1 տոկոսին, Ա. Արզումանյանն ասաց, որ իրենք պաշտպանում են այդ առաջարկը։ «Մենք էլ ունենք կոնկրետ առաջարկներ, որոնք դեռ քննարկման փուլում են։ Բյուջեի քննարկման ժամանակ մենք դրանք կներկայացնենք, իսկ կընդունի կառավարությունը, թե ոչ, ժամանակը ցույց կտա», - ասաց նա։
Ա.Արզումանյանը նաեւ նշեց, որ պրոբլեմներ կան բոլոր բնագավառներում, եւ բոլորի համար կոնկրետ առաջարկներ անելու են։ Ինչ վերաբերում է կոնկրետ գիտությանը, պատգամավորը հայտնեց, որ ինքը մշտական կապի մեջ է գիտնականների բոլոր նախաձեռնությունների հետ, այդ թվում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության։ «Մենք ընդունել ենք իրենց առաջարկություններից շատերը եւ ներկայացնելու ենք», - ասաց նա։
Գիտնականների աշխատավարձի վերաբերյալ, որն այսօր ամենցածրն է Հայաստանում, Ա. Արզումանյանը պնդեց, որ այն անպայման պիտի հասցվի երկրի միջինին։ «Այն, որ այդ աշխատավարձը պիտի հասցվի երկրի միջին աշխատավարձին, դա պարտադիր պայման է, եւ, կարծում եմ, այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն», - ասաց նա։




























