ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման իր մրցակից հանրապետական Միթ Ռոմնիին համարում է Ջորջ Բուշ կրտսերի քաղաքականության շարունակող:
«Ռոմնիի փիլիսոփայությունն այն է, որ ով վերեւում է գտնվում, կարող է այլ կանոններով խաղալ: Հարկային մեծ արտոնություններ հարուստների համար, որը մենք մեզ թույլ տալ չենք կարող: Օգնություն այն ընկերություններին, որոնք աշխատատեղեր եւ շահույթ են ուղարկում արտասահման», - Բարաք Օբամայի խոսքերն է մեջբերում CNN-ը:
Հանրապետական Միթ Ռոմնին էլ իր հերթին հայտարարել է, որ մտադիր է վերացնել Բարաք Օբամայի սահմանած կրճատումները ռազմական բնագավառում, մեջբերում է CNN-ը:
Ըստ վերջին հարցումների` Օբաման Ռոմնիից առաջ է «տատանվող» նահանգների մեծ մասում:
ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքը, կարելի է ասել, կորոշեն «տատանվող» 8 նահանգները` Կոլորադոն, Ֆլորիդան, Այհովան, Միչիգանը, Նեւադան, Նյու Հեմփշիրը, Օհայոն եւ Վիրջինիան: Այս նահանգների բնակիչները տարբեր ընտրությունների ժամանակ քվեարկում են մեկ դեմոկրատների, մեկ հանրապետականների օգտին:
Ոչ մեծ տարբերությամբ Օբաման Ռոմնիից առաջ է նաեւ Օհայոյում, Ֆլորիդայում, Վիրջինիայում, Այհովայում, Կոլորադոյում, Միչիգանում, Նեւադայում եւ Նյու Հեմփշիրում, հայտնում է USA Today թերթը:
Ռոմնին պետք է անպայման հաղթի Օհայո նահանգում. առանց այս նահանգում հաղթելու, ոչ մի հանրապետական նախագահ չի դառնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Օբամայի դիրքերն ամրապնդվել են «Սենդի» փոթորիկից հետո, երբ նախագահը, ընդհատելով քարոզարշավը, անձամբ է ղեկավարել վերականգնողական աշխատանքների ընթացքը: Ընդ որում, Օբաման գովասանքի է արժանացել հենց հայտնի հանրապետականների կողմից` Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստիի եւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբեգի կողմից, ինչը որոշակի ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա:





























