ԱՄՆ-ը հորդորում է կողմերին օդանավակայանի գործարկման համար գտնել դիվանագիտական լուծում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը` պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը գնահատում Ստեփանակերտի նոր օդանավակայանից թռիչքներ իրականացնելու դեպքում օդանավերի դեմ ռազմական գործողությունների դիմելու մասին Ադրբեջանի սպառնալիքները:
«Ինչպես նման բոլոր հարցերի դեպքում, այս դեպքում եւս ԱՄՆ-ը հորդորում է կողմերին օդանավակայանի գործարկման համար գտնել դիվանագիտական լուծում՝ հարգելով միջազգային համաձայնագրերը, սահմանային հարցերի շուրջ միջազգային օրենքները եւ քաղաքացիական օդագնացության բնագավառում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ներկա փորձառությունը»,- ուրբաթօրյա ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Նուլանդը:
Նա հիշեցրել է Մինսկի խմբի կողմից այս առնչությամբ հրապարակված հայտարարությունները, «մեկը՝ 2011 թվականի ապրիլի 14-ին, մյուսը՝ այս տարվա հուլիսին, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի տեսակետները»։
Նա հիշեցրել է նաեւ ԱՄՆ-ի այն հայտարարությունը, որտեղ ասված է, թե այս օդանավակայանի գործարկումը չպետք է համարվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակում փոփոխության գործոն։





























