Նիժնի Նովգորոդում Հայաստանի քաղաքացի է  հարձակման ենթարկվել: Հինգ երիտասարդ` բեյսբոլի մահակներով զինված, տարել են 6 շիշ կոնյակ, 100 000 ռուբլի եւ ադամանդե քարով երկու մատանի:

Ինչպես տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»,  33-ամյա Հայաստանի քաղաքացին Երեւանից ժամանել է Նիժնի Նովգորոդ, որտեղ օդանավականյանում նրան դիմավորել է եղբայրը: Մուտքի մոտ նրանց տաքսու վարորդ է մոտեցել` առաջարկելով իր ծառայությունը, ինչից եղբայրները հրաժարվել են: Գործը հասել է լեզվակռվի, որից հետո եղբայրները նստել են իրենց մեքենան եւ գնացել: 

Որոշ ժամանակ անց նկատել են,  որ իրենց ետեւից սեւ մեքենա է գալիս եւ որոշել են կանգնել: Սեւ մեքենայից դուրս են եկել  հինգ տղամարդիկ` բեյսբոլի մահականերով,  որոնց թվում եղել է նաեւ նույն տաքսու վարորդը: Սպառնալով ատրճանակով, նրանք մահակներով կոտրել են մեքենայի ապակիները եւ տարել 6 շիշ կոնյակ, 100 000 ռուբլի, ադամանդե քարով երկու մատանի, մեկ կանացի մատանի եւ ականջօղեր, ինչպես նաեւ չորս անվադող:

Նիժնի Նովգորոդի ոստիկանությունը ստուգում է տուժածի ցուցմունքները եւ  միջոցներ  ձեռնարկում չարագործներին հայտնաբերելու ուղղությամբ: