Ֆրանսիական Նիցցա քաղաքի Ուղղիչ դատարանը հրապարակել է հայ հանցախմբի ադամների դատավճիռները։ Լազուր ափի հայկական հանցագործ կլանի ենթադրյալ առաջնորդը, որը, մասնավորապես, մեղադրվում էր կեղծ արժույթի շրջանառության համար, 18 ամսվա ազատազրկման է դատապարտվել, որը նա արդեն կրել է, չնայած որ մեղադրող կողմը 7 տարվա ազատազրկում էր պահանջում։
Ինչպես France-Presse-ին վկայակոչելով գրում է «Maville.com»-ը, տասնհինգ մեղադրյալները, որոնցից երկուսն իտալացի են, դատապարտվել են 6 ամիս պայմանականից մինչեւ երեք տարվա ազատազրկման՝ հիմնականում կեղծ փողերի պահման կամ կիրառման համար։
Խումբ գլխավորում էր ըմբշամարտի նախկին չեմպիոն 49-ամյա Միհրդատ Ասատրյանը, մականունը՝ Միրո, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի։ Դատարանում նա հերքել է բոլոր մեղադրանքները։ Դատարանը փաստացի ազատման վճիռ է կայացրել։
Նեապոլիտանցի 74-ամյա Անտոնիո Կորիերին հետաքննության ընթացքում սպառնացել էր սպանել դատավորին. Նա ամենախիստ պատիժն է կրելու՝ 3 տարվա ազատազրկում։
Կեղծ եվրոներ իրացրած երկու տղամարդիկ՝ 49-ամյա Ռոբերտ Մխիթարյանը՝ Ռուբո մականունով, եւ նրա որդին՝ Արենը, համապատասխանաբար, 30 ամիս (պահանջում նշված 7-ի փոխարեն) եւ 2 տարի ժամկետով (պահանջում նշված 4-ի փոխարեն) ազատազրկման են դատապարտվել։
Երեք հոգու դատարանն արդարացրել է, այդ թվում սկանդալային Արթուր Հայրապետյանին՝ հայտնի որպես տեր Վաչե, որը Նիցցայի հայկական եկեղեցու նախկին քահանա է եւ մեղադրվում էր դատավարության ընթացքում հայցվորի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։
Հիշեցնենք, որ Նիցցայի քաղաքային դատարանում հոկտեմբերի 22-ից դատաքննություն էր ընթանում մեղադրյալ 16 հայերի եւ 2 իտալացիների գործով, որոնց, ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրում էին փողերի լվացման, բռնությունների, թմրամիջոցների շրջանառության, հանցավոր գործարքներ կատարելու մեջ:
Գրեթե բոլոր մեղադրյալները գործազուրկ են, ապրում են բարեկեցիկ եւ հաճախ երթեւեկում են շքեղ մեքենաներով ու այցելում Լազուր ափի խաղատներ։





























