Վրաստանի ազգային անվտանգության  խորհրդի  քարտուղարի տեղակալը  «Վրացական երազանքի» ներկայացուցչին  մեղադրել է երկրում կրոնական  դիմակայությունը խրախուսելու մեջ եւ նմանատիպ  գործողությունները   զայրացուցիչ է անվանել:

«Կրոնի եւ դավանության ազատությունը հիմնարար իրավունք է հանդիսանում, որը  պետք է  պաշտպանված լինի բոլոր քաղաքացիների նկատմամբ, անընդունելի է, երբ նման դիմակայությունը խրախուսվում է քաղաքական   դասի` այն էլ իշխող կուսակցության կողմից»,-հայտնել է Թամար  Կինցուրաշվիլին` մեկնաբանելով Նիգվզիանի  գյուղում տեղի ունեցած դեպքերը:

Անվտանգության խորհրդի  պետի տեղակալը պարզաբանել է, որ  ի նկատի ունի Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մուրման Դումբաձեի հայտարարությունը, ով հարցազրույցներից մեկում  խոսել է թուրքական ազդեցության ուժեղացման մասին եւ վստահեցրել է, որ գյուղում մզկիթը թուրքերն են կառուցում:

Կինցուրաշվիլին կոչ է արել  իշխող կուսակցությանը եւ իրավապահ մարմիններին  ապահովել Վրաստանում դավանական ազատությունը` նշելով, որ նման  դիմակայությունները վտանգավոր է երկրի համար:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, նոյեմբերի 2-ին տեղական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Նիգվզիանի գյուղում տեղացի ուղղափառ բնակիչների խումբը  թույլ չի տվել  մահմեդական այցելուների մուտքը աղոթատուն: