Խոսրովի անտառում կկազմակերպվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին վերաբերող խնդիրների քննարկում:

Հանրապետությունում լայն արձագանք են ստացել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ վերջին շրջանում ծավալված իրադարձությունները:

Ձեւավորվել է հանրային պահանջ` հանրության լայն շրջանների հետ քննարկելու առկա խնդիրները եւ իրականացնելու դրանց լուծմանն ուղղված գործողություններ:

Այդ նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ սույն թվականի նոյեմբերի 5-ին, «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի «Խոսրովի» տեղամասի այցելուների կենտրոնում կազմակերպվելու է  խորհրդակցություն`  ոլորտին աջակցող միջազգային կազմակերպությունների, ԳԱԱ ոլորտային ինստիտուտների, բուհերի ներկայացուցիչների  հետ: Որպես նախաձեռնող կողմ բնապահպանության նախարարությունն առաջարկելու է խորհրդակցության օրակարգում ընդգրկել պահպանվող  տարածքների մասին օրենսդրության բարելավման, արգելոցի պահպանման ռեժիմն իրականացնող աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման եւ տեխնիկական  վերազինման, ֆինանսական միջոցների համալրման եւ արդյունավետ օգտագործման, կադրային համալրման,  համայնքային  իրազեկման, անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր:

Օրակարգային են նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի էլեկտրոնային թույլտվություններ ստանալու կարգի մշակման, «Խոսրովի անտառ»-ի վարչական սահմաններին տեսախցիկների տեղադրման եւ էկոպարեկային խմբերի ստեղծման աշխատանքների կարգի մշակման եւ այլ հարցեր:

Խորհրդակցության արդյունքների մասին ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի խորհրդակցության ավարտից հետո: