Ուկրաինայի ընտրահանձնաժողովներից մեկում բախում է տեղի ունեցել ընդդիմադիրների եւ ոստիկանների միջեւ։ 132-րդ ընտրական հանձնաժողովում 12 իրավապահներ կտրող-ծակող վնասվածքներ են ստացել։ Այդ մասին ասված է Ուկրաինայի ՆԳՆ-ի հայտարարությունում։

Հիշեցնենք, նոյեմբերի 2-ին «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ տվյալ տեղամասում իրավապահները քաղաքացիների նկատմամբ արցունքաբեր գազ եւ ռետինե մահակներ են կիրառել։

Ինչպես գրում է svodka.net-ը,  «Բերկուտի» հատուկջոկատայինները օրվա ընթացքում երկու անգամ գրոհել են  132-րդ ընտրահանձնաժողովը։  ՆԳՆ-ում դա որակել են իբրեւ «կարգուկանոնի պահպանում»։

Մեծամասնական 132-րդ ընտրատարածքում երկու օր առաջ հաղթող էր հայտարարվել ընդդիմության թեկնածու Արկադի Կորնացկին։ Սակայն, ինչպես պնդում է ընդդիմությունը, ԿԸՀ-ի սերվերում ավելի ուշ թվերն սկսել են փոփոխվել. կոմունիստների պարտված թեկնածուի 3 հազար ձայնը տրվել է «ռեգիոնական» Վիտալի Տրավյանկոյին, արդյունքում վերջինս հայտնվել է առաջին տեղում;

Պատգամավորի թեկնածուներից մեկի հայցով Շրջանային վարչական դատարանը  վճռել է հանձնաժողովից պահանջել արձանագությունների բնօրինակները եւ պատճենները։ Առգրավելիս կարգուկանոնը պետք է ապահովեին Ուկրաինայի ՆԳՆ-ի «Բերկուտ» հատուկ ջոկատի մարտիկները։