Հայաստանում գիտաշխատողների միջին տարիքը մոտ է թոշակի տարիքին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, հայտարարել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը: Նրա խոսքով, Հայաստանում գիտաշխատողների միջին տարիքը անշեղորեն աճում է. եթե 2000 թվականին այն կազմում էր 48, ապա 2008-ին՝ 58, իսկ հիմա՝ 60 տարեկան:

«Մենք պարտավոր ենք ապահովել երիտասարդ գիտնականների հոսքը գիտության ոլորտ, իսկ ներկա ֆինանսավորման պայմաններում երիտասարդությունը կամ հեռանում է այլ ոլորտներ, կամ արտագաղթում է»,-հայտարարել է Իշխանյանը:

Նրա ներկայացմամբ, պետք է լուծել գիտության ֆինանսավորման հարցը, որպեսզի սերունդների միջեւ կապը, որը ուր որ է կկտրվի, պահպանվի, իսկ գիտական պոտենցիալը կարող է ինչ-որ չափով իրացվի:

Հիշեցնենք, որ 2013 թվականի պետական բյուջեի նախագծով, գիտական ոլորտին նախատեսված է տրամադրել 11,2 մլրդ դրամ կամ 10 տոկոսով ավելի 2012-ի բյուջեի համեմատ: Հիմնական ծախսերը, նախկինի պես, մնում են աշխատավարձերը եւ ենթակառուցվածքների պահպանությունը:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am