Իսպանիայի ժամանակակից ամենանշանավոր հեղինակներից մեկը` արձակագիր Խավիեր Մարիասը, հրաժարվել է ազգային գրական պարգեւից` 20 հազար եվրոյից, որը նրան է շնորհվել «Տարվածություն» ստեղծագործության համար:
Գրողը շնորհակալություն է հայտնել ժյուրիին, սակայն հրաժարվել է ընդունել պարգեւը: Նրա կարծիքով, քաղաքական գործիչները չպետք է ազդեն մշակույթի վրա, գրում է The Daily Telegr-ը:
Ինչպես պազաբանել է Մարիասը, իր ողջ կյանքում նա խուսափել է որեւէ առնչություն ունենալ պետական հաստատությունների եւ իշխանությունների հետ` անկախ այն բանից, թե ինչ կուսակցություն է եղել կառավարության ղեկին:
Գրողը հայտնել է, որ չի ցանկանում գումար ընդունել գանձարանից, ինչպես նաեւ չի ցանկանում, որպեսզի նրան ընկալեն որպես որեւէ քաղաքական ուժի սատարող հեղինակ:
Ինչպես գրում է «Ռոսբալտը», Խավիեր Մարիասը` փիլիսոփա Խուլիան Մարիասի որդին, ով սովորել է Խոսե Օրտեգա-ի-Գասսետի մոտ, ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի Անգլերեն լեզվի ֆակուլտետը: 80-ականների առաջին կեսին նա Օքսֆորդի համալսարանում իսպանական գրականություն է դասավանդել: Մարիասը ոչ միայն գրող է, այլ նաեւ լրագրող եւ թարգմանիչ:





























