Սեյրան Օհանյանը հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի մասնակիցների հետ:
Այսօր կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կայացման փուլերը, զրուցել քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներից, ինչպես նաեւ պատասխանել Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրներին եւ բանակի ձեռքբերումներին:
«ՀՀ զինված ուժերը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխիքը, մշտապես գտնվում են հասարակության վերահսկողության ներքո»,- ասել է Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է. «Քսան տարվա պատմության ընթացքում մենք մշտապես ունեցել ենք քաղաքացիական վերահսկողություն Զինված ուժերի նկատմամբ: Գրեթե բոլոր պաշտպանության նախարարներն էլ եղել են քաղաքացիական անձինք, բացի դրանից` առ այսօր բանակում իրականացվում է քաղաքացիական վերահսկողության տարաբնույթ գործողություններ: ՀՀ զինված ուժերը ծնվել են ժողովրդի ծոցից` մշտապես արտահայտելով հանրության կամքը: Սա է նաեւ մեր հաջողության գրավականը»: Խոսելով ՀՀ ԶՈՒ ձեւավորման եւ կայացման առանձնահատկություններից` պաշտպանական գերատեսչության ղեկավարը թվարկել է մի քանի դրույթներ` մասնավորապես կարեւորելով միասնության, սեփական հողին տեր կանգնելու եւ գրագետ հրամանատարության գործոնները:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի մասնակիցներին խորհուրդ է տվել ապավինել սեփական ուժերին եւ հիշել, որ հաջողության հասնելու համար պետք է երկարատեւ ու քրտնաջան աշխատանք իրականացնել:





























