Վրաստանի նոր կառավարությունը դեռ չձեւավորված՝ արդեն հրաժարականի դիմում է ստացվել։ Պաշտոնից հեռանում է Վրաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գիյա Քավթարաձեն։

«Պետական ծառայության վերադառնալն ինձ դրդել էր  իմ ընկեր Կախա Քալաձեին օգնելու ցանկությունը։ Ցավոք, նախարարի դեմ բացարձակ անհիմն եւ հարձակողական քարոզներին վերջ չկա։ Նախարարից հետո էլ ինձ են քննադատում, հարցեր են առաջացել իմ՝ 2005-2007թթ. արդարադատության նախարար եղած տարիների հետ կապված։

Ես պատրաստ եմ կրկին պատասխանել բոլոր հարցերին: «Կրկին» այն պատճառով, որ ժամանակին ես ամեն ինչին սպառիչ պատասխանել եմ: Չեմ ցանկանում, որ  իմ գործոնը խանգարի Կախա Քալաձեին նրան սպասվող փայլուն կարիերայում: Այդ պատճառով էլ որոշել եմ հրաժարական տալ: Հարգանացս հավաստիքն եմ հայտնում նախարարության բոլոր աշխատակիցներին: Հատկապես գոհացուցիչ է, որ նախարարությունը տեղակայված է «Արդարադատության տանը», քանի որ  «Արդարադատության տան» գաղափարն ինձ է պատկանում», – ասվում է Քավթարաձեի հայտարարության մեջ, որը մեջբերում է «Գռուզիա օնլայնը»:

Որոշ շրջանակներ դեմ էին Քավթարաձեին փոխնախարարի պաշտոնում նշանակելուն, քանի որ 2005-2007 թթ., երբ նա արդարադատության նախարար էր,  բանտում ցույց էր տեղի ունեցել, որը զոհերի էր հանգեցրել: