Ռուսաստանում ուշադրություն են դարձնում Թբիլիսիի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հայտարարությանը, սակայն վրացական նոր կառավարությունից, առաջին հերթին, հստակ գործնական քայլեր են սպասում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի այն հարցին, թե կարող է արդյոք հատուկ ներկայացուցչի աշխատանքը օգնել երկրներին կարգավորել փոխադարձ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոն է հիմնել, ով պետք է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հարցերում ներկայացնի վարչապետին եւ այս պաշտոնում նշանակել է Ռուսաստանում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեին:
«Զ. Աբաշիձեի գործունեության հետ որեւէ հեռանկարներ կապել, կարծում եմ, տեղին չէ: Կասեմ միայն, որ մեր երկրում նրա գործունեությանը ծանոթ են, որպես դեսպան եւ վերջին այցելությունների կապակցությամբ: Բացի այդ, նա ինքն էլ լավ ծանոթ է Ռուսաստանին:
Մենք, իհարկե, ուշադրություն են դարձնում Թբիլիսիի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ձգտումների հայտարարությանը եւ վրացական կառավարությունից սպասում ենք հստակ քայլեր»,-ասել է Լուկաշեւիչը:





























