Ատլանտյան օվկիանոսում կարող է եւս մեկ փոթորիկ ձեւավորվել, որը հենց նախագահական ընտրությունների օրը կհասնի ԱՄՆ-ի արեւելյան ափ։ Նոր փոթորիկը կբարդացնի «Սենդիի» ավերածությունների հետեւանքները վերացնելու աշխատանքները։
Եղանակային միջնաժամկետ կանխատեսման եվրոպական կենտրոնի (European Centre for Medium-Range Weather Forecasts, ECMWF) մասնագետների տվյալներով՝ նոյեմբերի 6-ի՝ նախագահական ընտրությունների օրվա գիշերը Ջորջիայից եւ Հարավային Կարոլինայից դեպի արեւելք Ատլանտյան օվկիանոսում կարող է ցածր ճնշման դաշտ ձեւավորվել։ Այն կարող է առաջանալ դեպի հյուսիս՝ ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան նահանգներում ուժեղ քամի, անձրեւներ, անգամ՝ ձյունամրրիկ առաջացնելով։
ԱՄՆ-ի ազգային օդերեւութաբանական ծառայությունը (National Weather Service, NWS) եւս կանխատեսում է, որ Ատլանտիկայում հաջորդ շաբաթվա սկզբին կարող է ցածր ճնշման դաշտ ձեւավորվել, ինչը շատ ավելի թույլ կլինի ԱՄՆ-ի արեւելյան հատվածով անցած «Սենդի» փոթորկից, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Չնայած կանխատեսումներին, օդերեւութաբանները նշում են, որ խուճապի մատնվելու հիմքեր չկան, քանի որ իրավիճակը չորս օրում կարող է զգալի փոխվել։





























