Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարի պարտքերի շուրջ խնդիրը ներկայումս քննարկվում է եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր են որոնվում: Այս մասին NEWS.am_ի թղթակցի հետ զրույցում նշեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի քարտուղար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ վկայակոչելով Երուսաղեմի Հայոց պատրիարքության ընդհանրական տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի խոսքը:

Նրա խոսքով, ջրի պարտքի խնդիրը քննարկվում է արդեն երկու տարի: Նախկինում ջրի գումարը վճարել է քաղաքապետարանը, իսկ պարտքը կուտակվել է այն բանից հետո, երբ ջրամատակարարումը հանձնվել է մասնավոր ընկերության: Պարտքի գումարը մեծ է եւ հայտարարվել է, որ եթե հարցը չլուծվի, չի բացառվում, որ Տիրոջ գերեզմանի տաճարի դռները կփակվեն հավատացյալների առջեւ:

«Մենք հույս ունենք, որ բանը դրան չի հասնի եւ հարցը մոտ ժամանակներս կլուծվի»,-ասել է Մելիքյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տաճարը միշտ ազատված է եղել ջրի վարձից: Այդպես է եղել Իսրայել պետության ստեղծումից առաջ եւ դա գրված կանոնը պահպանվել է Իսրայելի հայտնվելուց հետո: Իրավիճակը փոխվել է 15 տարի առաջ, երբ ստեղծվել է մասնավոր «Գիհոն» ընկերությունը՝ որն ապահովում է Երուսաղեմի ջրամատակարարումը եւ դրա դիմաց գումարների գանձումը:

2004 թվականին «Գիհոնը» 3,7 մլն շեկել (մոտ 953 հազար դոլար)  գումարի հաշիվ է ուղարկել տաճարին: Տաճարի սեփականատերերը վստահ էին, որ խոսքը սխալի մասին, սակայն մի քանի ամիս անց Տաճարը նոր հաշիվ է ստացել՝ արդեն 9 մլն շեկելի, որում հաշվարկվել են նաեւ տուգանքներն ու դրանց տոկոսները:

2012-ի հոկտեմբերին «Գիհոնը» կալանքի տակ է առել Պատրիարքության հաշիվը: Նշենք, որ Պատրիարքությունը վերահսկում է ոչ միայն Տիրոջ գերեզմանի տաճարը, այլեւ եկեղեցիների մի ողջ ցանց Իսրայելի տարածքում: Հաշիվների կալանքի տակ առնելը ֆինանսական աղետի է ենթարկել այդ եկեղեցիները: