Վիտալի Կլիչկոյի «ՀԱՐՎԱԾ» կուսակցությունը դիմել է ԿԸՀ-ին` կոչ անելով չհրապարակել ընտրությունների «խեղաթյուրված» արդյունքները: Այդ մասին ասվում է կուսակցության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նաեւ նշվում է, որ ներկայիս Գերագույն ռադան պետք է վերացնի «ընտրությունների վերաբերյալ ամոթալի օրենքը, որն էլ հենց ստեղծել է անօրինության դաշտ», եւ նոր օրենք ընդունի:
Հայտարարության հեղինակները նշում են, որ Ուկրաինան « քաղաքական խոր ճգնաժամում է», եւ դրա պատասխանատվութունը «կրում է անձնապես նախագահ Յանուկովիչը` որպես Սահմանադրության երաշխավոր»: «ՀԱՐՎԱԾ»-ը նաեւ կոչ է անում «Բատկիվշչինային», «Ազատությանը» եւ դեմոկրատական մեծամասնական թեկնածուներին ընդհանուր դիրքորոշում մշակել քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար, հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
«Բատկիվշչինան» իր հերթին հայտարարել է, որ կարող է հրաժարվել նոր Ռադայում իր մանդատներից: Facebook-ի իր էջում կուսակցության 3-րդ համար Անատոլի Գրիցենկոն գրել է, որ «Բատկիվշչինան» մտադիր է մոտ օրերս համագումար հրավիրել եւ զրոյացնել խորհրդարանական ընտրությունների կուսակցական եւ մեծամասնական ցուցակները, հայտնում է «Սեգոդնյան»:
Ուկրաինայի ԿԸՀ-ն այս պահին հաշվել է քվեաթերթիկների 99,94%-ը, իշխող կուսակցությունը հավաքում է ձայների 30,01%-ը, Երկրորդ տեղում 25,53%-ով ընդդիմադիր «Բատկիվշչինան» է: Իշխող կուսակցությունն առաջատարն է նաեւ մեծամասնական ընտրատարածքներում:
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի «ՀԱՐՎԱԾ» կուսակցությունը երրորդ տեղում է`13,96%-ով, Կոմկուսը`13,18%, ազգայնական «Ազատություն» կուսակցությունը` 10,44%:




























