«Ասիա-Եվրոպա» գագաթաժողովը Լաոսում անցկացվում է տեղի համայնքներից խլած տարածքում: 2010-2011թթ. տեղի բնակիչներին վռնդել էին՝ գագաթաժողովի մասնակից եվրոպական եւ ասիական առաջնորդների համար վիլլաներ կառուցելու նպատակով, հայտնում է իրավապաշտպանական Global Witness կազմակերպությունը:
«Մայրաքաղաք Վյենտյանի կենտրոնում գտնվող Դոն Չան կղզու 500 բնակիչներն ստիպված են եղել լքել իրենց հողերը, որպեսզի դրանք ազատեն այնպիսի պատվիրակների տեղակայելու համար, ինչպիսիք են Ուիլյամ Հեյգը եւ Ֆրանսուա Օլանդը: Նրանք ստիպված են եղել լքել իրենց տները եւ տեղափոխվել անբերրի հողատարածքներ` մայրաքաղաքի սահմաններից դուրս», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, մեջբերում է «gazeta.ru»-ն:
Global Witness-ի տնօրեն Պատրիկ Էլլին հայտարարել է, որ «եվրոպական առաջնորդները պետք է այդ խնդիրը քննարկեն ոչ վերջին հերթին, քանի որ ստեղծված իրադրությունը ձախողում է Մեկոնգի շրջանում նրանց օգնության ծրագրերը»:
Վյենտյանում գագաթաժողովը կայանում է նոյեմբերի 5-6-ը: Գագաթաժողովին մասնակցելու համար Լաոս է մեկնել նաեւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որը տեղի ղեկավարության հետ կքննարկի պարտքի մարման հարցը:



























