Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործի քննության շրջանակում Գլխավոր դատախազությունը կհարցաքննի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, ՆԳՆ-ի եւ արդարադատության նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին, իշխանափոխությունից հետո երկրից փախած Զուրաբ Ադեիշվիլիին եւ խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Բարամիձեին: Այդ մասին «Մաեստրո» հեռուստատեսության հետ հարցազրույցում հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին: Նա հայտնել է, որ այդ գործը կհանձնվի հետագա քննության առաջին հեթին:
Ըստ Արչիլ Քբիլաշվիլիի` հետաքննությունը կհամագործակցի զոհվածի ընտանիքի հետ, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը պաշտոնին անցնելուց անմիջապես հետո խոստացել է հետաքննել Ժվանիայի մահվան հանգամանքները:
Իր հերթին «Ասավալ դասավալի» թերթին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Էդուրադ Շեւարդնաձեն հայտարարել էր, որ «Ժվանիան սպանվել էր, քանի որ մեծ հավանականություն կար, որ նա էր փոխարինելու Սահակաշվիլիին նախագահի պաշտոնում»:
Հիշեցնեք, որ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների մասին նորից խոսել էին Վրաստանում անցած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր «Վրացական» երազանք կոալիցիան հաղթել էր Միխայիլ Սահակաշվիլիի իշխող «Միացյալ ազգային շարժմանը»: Վերջերս Զուրաբի եղբայր Գիորգի Ժվանիան հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «անձամբ է ղեկավարել իր եղբոր մահվան կազմակերպումը»` 2005 թվականին:
2005 թվականի փետրվարի 3-ին Զուրաբ Ժվանիան մահացած էր գտնվել Թբիլիսիի բնակարանում: Այդ նույն բնակարանում հայտնաբերվել էր նրա ընկերոջ` Վրաստանի Քվեմո Քարթլի մարզում նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Ռաուլ Յուսուպովի դիակը: Ըստ պաշտոնական վարկածի` Ժվանիան եւ Յուսուպովը մահացել էին գազի թունավորումից:





























