Ճապոնիան եւ ԱՄՆ-ն նոյեմբերի 5-ին սկսել են համատեղ զորավարժությունների անցկացումը: Մանեւրներն անցկացվում են Օկինավա պրեֆեկտուրայում՝ ամերիկյան ռազմակայանից ոչ հեռու: Խոսքը երկկողմ Keen Sword («Սուր թուր») զորավարժությունների մասին է, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 16-ը:
Զորավարժություններին մասնակցում են ճապոնացի 37 հազար եւ ամերիկացի 10 հազար զինծառայողներ, ինչպես նաեւ Ճապոնիայի ռազմածովային ուժերի նավեր եւ ամերիկյան մեկ ավիակիր:
Ինչպես հայտնում է «lenta.ru»-ն, զորավարժություններն ընթանում են Սենկակու կղզիախմբի շուրջ Ճապոնիայի եւ Չիանստանի միջեւ տարածքային վեճի պայմաններում: Երկու երկրների միջեւ լարվածությունը սրվել էր այս տարվա օգոստոսին, այն բանից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր մասնավոր սեփականատերերից 3 կղզիների գնման մտադրության մասին: Դրանից հետո Չինաստանում զանգվածային հակաճապոնական ցույցեր տեղի ունեցան, ինչի պատճառով խոշոր ճապոնական ընկերություններ դադարեցրին իրենց աշխատանքն այդ երկրում:
Պաշտոնական Պեկինը նախկինում արդեն դժգոհություն հայտնել էր Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Ինչպես նշում է The New York Times-ը, վիճահարույց կղզիների իրադրության հետ կապված Ճապոնիան եւ ԱՄՆ-ն փոխել էին զորավարժությունների ծրագիրը, նրանից հանվել էր պայմանական թշնամու կողմից գրավված անմարդաբնակ կղզու ազատման գործողությունը:




























