Սեփական թեկնածուի առաջադրման կամ այլ թեկնածուի պաշտպանության մասին հայտարարության ձգձգումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար ինչպես առավելություններ ունի, այնպես էլ ռիսկային գործոն է պարունակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով, առավելությունը նրանում է, որ «Բարգավաճ Հայաստանում» գիտակցում են, որ նրանց դիրքորոշումը շատ կարեւոր է քաղաքական ստատուս-քվոյի պահպանման կամ փոփոխման համար եւ չեն շտապում հայտարարել նախագահական ընտրություններում իրենց մասնակցության մասին, քանի որ կուսակցությունից սպասելիքները շատ են:
Սաֆարյանը նաեւ նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի հետագա գործողությունները մեծամասամբ կախված են «Բարգավաճ Հայաստանի» գործողություններից. «ՀԱԿ-ը չի հայտնում այն մասին, որ մերժում է «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցությունը: ՀԱԿ-ը սպասում է, որ ԲՀԿ-ն ավելի կխստացնի իր քաղաքական դիրքորոշումը: Թեեւ ԲՀԿ-ն չի շտապում այդ անել, հետեւաբար, ՀԱԿ-ից որեւէ քայլ պետք է ակնկալել միայն այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն կանի այդ քայլը»: Ինչ վերաբերում է ռիսկի գործոնին, ապա Սաֆարյանի կարծիքով, «Բարգավաճ Հայաստանում» լավ հասկանում են, որ հանրապետականները ուժեղացնում են ճնշումները եւ այդ համատեքստում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնխելիությունից զրկումը` ահազանգ է»:
Պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ-ի բոլոր թեկնածուների՞ն է աջակցելու ՀԱԿ-ը` Սաֆարյանը նշել է, որ երեք հնարավոր թեկնածուներից` Գագիկ Ծառուկյանից, Ռոբերտ Քոչարյանից եւ Վարդան Օսկանյանից ՀԱԿ-ի համար ամենաանընդունելին Օսկանյանն է: «Այս մասին վկայում է այն հանգամանքը, որ ՀԱԿ-ի ամառային հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի խոսք չի ասել «Օսկանյանի գործի վերաբերյալ»: Եթե ՀԱԿ-ը Օսկանյանի դիտարկեր որպես թեկնածու, ապա արդեն ամառվանից նրան կառներ իր խնամակալության տակ, սակայն նման բան տեղի չի ունեցել: Եթե ՀԱԿ-ը հնարավոր համարեր Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, ապա կոնգրեսը կցանկանար, որ ԲՀԿ-ն առաջադրեր Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր թեկնածությունը կառաջադրի այն դեպքում, եթե նման բան անի Ռոբերտ Քոչարյանը: Սակայն քանի որ Տեր-Պետրոսյանը չի ցանկանում առաջադրվել, ապա այդ համատեքստում ՀԱԿ-ին ձեռնտու չէ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Թեեւ Սերժ Սարգսյանին հեռացնելու համատեքստում ՀԱԿ-ի համար Քոչարյանը ցանկալի թեկնածու է»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի / NEWS.am





























