«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատ-դեմոկրատներ» կուսակցության սատարումը չի հայցում: Այս մասին այսօր` 5-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես լավագույնն եմ ցանկանում «Ազատ դեմոկրատներին», հատկապես նոր սերունդին, որը եթե պետք է մտնի քաղաքական դաշտ, ծավալվի, արդյունքներ բերի, իր ինքնությամբ, իր մեջ առաջին հերթին պետք է գտնի հանցանքների, մեղքերի, եւ սխալների իր աղբյուրը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` արձագանքելով այն հարցին, թե արդյոք վիրավորված չէ, որ «Ազատ դեմոկրատներն» իրեն ստարելու հարց օրակարգում չունեն:
Լրագրողի դիտարկմանը, թե Gallup International հարցումներով նա չորրորդ տեղն է զբաղեցնում, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ չի հավատում այդ հարցումներին: «Հատվածական եւ պատվիրված մոտեցում է: Անգամ, եթե պատվիրված չէ, ես դա համարում եմ մեկնարկային մարտակոչ եւ ես պատասխան կտամ այդ մարտակոչին»,- նշեց նա: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ճիշտ է, որ առաջադրվելու համար կուսակցությունը նյութական միջոցներ չունի, ինչին ի պատասխան Հովհաննիսյանն արձագանքեց, որ «Ժառանգությունը» միշտ ունեցել է նյութական խնդիրներ, քանի որ կուսակցությունում գործարարներ չկան: «Ես լիարժեք ազատ եւ անկախ եմ: Սակայն մենք սրտացավ քաղաքացիներից հարյուր միլիոնի աղբյուրը կգտնենք»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























