«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» ապահարզան չի եղել, որովհետեւ ամուսնություն էլ չի եղել: Այս մասին այսօր`նոյեմբերի 5-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Իրենց թեկնածուները եկան մեր ցուցակով քաղաքական, բարոյական տարբեր պարտավորությունների համալիրի արդյունքում, եւ այդ պարտավորությունները չհարգվեցին ու խախտվեցին: Այդ խմբից գոնե մեկը` պարոն Արզումանյանը շատ լավ պատգամավոր է, բայց դիվանագիտությունը պետք է ճշմարտությամբ սիրի»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովվհանիսյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից հետո, արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունեն: «Այդ ժամանակ ձեր սիրելի դեմքերը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կվերադառնան խորհրդարան: «Ժառանգությունը» կունենա նաեւ իր առաջարկը հասարակությանը ուղղված` վարչապետի եւ կառավարական նոր կազմի շուրջ, եւ այնտեղ կտեսնեք, ոչ միայն սիրելի դարձած պատգամավորներին, այլեւ կուսակցության այլ ներկայացուցիչների»,- ասաց Րաֆֆի Հովհանիսյանը եւ ավելացրեց, որ քաղաքացիական հասարակությանը արթնացնելու համար պատրաստ է անել այն, ինչ արել է վերջին քսան տարիների ընթացքում, ներկա լլինի հրապարակում տարբեր տեսակի քաղաքացիական նախաձեռնությունների հետ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am




























