Թուրքիայի հարավ-արեւելյան հատվածում գտնվող Դիարբեքիր քաղաքում նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու ամբողջական վանական համալիրի օծումն ու նոր պատարագը։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցում վերանորոգման աշխատանքներից հետո առաջին պատարագը մատուցվել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի գլխավորությամբ։ Պատարագն անցկացվել է ամբողջովին վերականգնված վանական համալիրում։ Հիմնովին կառուցվել է նաեւ զանգակատունը, որը դեռեւս 1914-ին թնդանոթով ավերվել էր այն բանի համար, որ այն ավելի բարձր էր շրջակայքի մզկիթների մինարեթներից։
Աշխարհի տարբեր մասերից Դիարբեքիր ժամանած հայերն ականատես են եղել նաեւ Սուրբ Կիրակոսում վերանորոգումից հետո առաջին պսակադրությանը։ Արք. Աթեշյանի զարմիկը՝ Րաֆֆին ամուսնացել է հայաստանցի Կարինեի հետ։
Նշենք, որ 1400 աղոթատեղի ունեցող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թվականին, Հանչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականները անվանել են «գյավուրների թաղամաս» քանի որ մեծ թվով քրիստոնյաներ են ապրել մինչեւ Հայոց ցեղասպանությունը:
Մերձավոր արեւելքի ամենամեծ եկեղեցու զանգակատունը 1913-ին ավերվել է կայծակի հարվածից, որից հետո տեղի հայերը նոր զանգակատուն են կառուցել, որի զանգը ձուլվել էր ոսկու եւ պղնձի խառնուրդից: Սակայն 1914-ին այս անգամ կայծակի հարվածած տեղին հարվածեցին թուրքերը՝ թնդանոթով ավերելով զանգակատունը միայն նրա համար, որ այն ավելի բարձր էր շրջակայքի մզկիթների մինարեթներից:
Սուրբ Կիրակոս եկեղեցին 1980-ից թողնվել է բախտի քմահաճույքին։ Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»՝ վերանորոգելու եկեղեցին։ 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։





























