ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտնի է իր «լեզվի սայթաքումներով», իսկ վերջերս  տեղի է ունեցել եւս մեկը` այս անգամ նա մոռացել է սեփական  ղեկավարի անունը` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային շփոթել է Բիլ Քլինթոնի հետ, գրում է The Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին` Օհայո նահանգի Լեյքվուդ քաղաքում: Ելույթ ունենալով նախընտրական  հավաքի 1200 մասնակիցների առաջ` Բայդենը քննադատել է  Օբամայի հակառակորդ հանրապետական Միթ Ռոմնիին: Մանսավորապես, հերթական անգամ փոխնախագահն արտահայտվել է Ռոմնիի աղմկահարույց PR տեսահոլովակի մասին, որում պնդվում էր, թե իբր Օբաման մեքենաշինական Chrysler ձեռնարկությանը թույլ է տվել Չինաստան տեղափոխել Jeep մեքենաների արտադրությունը: Բայդենը հայտարարել է, թե տեսահոլովակում ասվել է, որ իբր «նախագահ Քլիթոնը սնանկացրել է  Chrysler-ին»:

Պետք է նշել, որ Ջո Բայդենը հաճախ է շփոթվում: Օհայո նահանգում ելույթների ժամանակ նա հայտարարել էր. «Այստեղ` Այհովայոմ...».: Իսկ Վիրջինիայում հավաքվածներին է դիմել «Մենք կարող են հաղթել, Հյուսիսային Կարոլինա» կոչով: Խոսելով 2012 թվականի մասին ` նա այն անվանել է 20-րդ դար: 

Իսկ 2008-ին իր հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ 1929 թվականին Մեծ դեպրեսիայի հենց սկզբում Ռուզվելտը ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ եւ  հասկանալի լեզվով պատմել ամերիկացիներին, թե ինչ է կատարվում երկրում: Ընդ որում,  Բայդենը մոռացել էր, որ 1929 թվականին Ռուզվելտը դեռ ԱՄՆ-ի նախագահը չէր, եւ հեռուստատեսությունն էլ այն ժամանակ դեռ չէին հայտնաբերել:

Ինչպես գրում է NEWSru.com-ը, Բայդենի սայթաքումները Սպիտակ տանը բազմիցս ստիպել են  հանդես գալ պաշտոնական հերքումներով: