Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեղաշարժը կախված է տարածաշրջանի քաղաքական պայմաններից: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Օնուր Սայլամը` նոյեմբերի 5-ին հանդես գալով Երեւանում` ՆԱՏՕ-ի շրջանակներում տեղի ունեցող սեմինարին: Հայ-թուրքական հարաբերությունների հիշատակման առիթ է դարձել ԱՄՆ-ի դեսպանի դիտողությունը, որը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Ընդգծելով, որ տվյալ ոլորտի մասնագետ չէ` Օնուր Սայլամը նկատել է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման ձեռնարկված գործընթացը անհրաժեշտ է դիտարկել որպես խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատման նկատմամաբ հետաքրքրության արտացոլանք: «Բոլորին հայտնի է, թե ինչպես են ստորագրվել արձանագրությունները եւ թե ինչ է հաջորդել դրանց: Գործընթացի տեղաշարժը կախված է տարածաշրջանի քաղաքական պայմաններից»,-նշել է Թուրքիայի ներկայացուցիչը: Միաժամանակ նա անդրադարձել է գործընթացքում ԱՄՆ-ի դերին` նկատելով, որ անհրաժեշտ է, որպեսզի Միացիալ Նահանգները շարունակի հարաբերությունների կարգավորման միջավայր ստեղծել, իսկ գործընթացը պետք է բնական հունով ընթանա` առանց որեւէ «հրման»:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ-ի հոկտենբերի 10-ին Ցյուրիխում: Սակայն երկու երկրների խորհրդարաններում արձանագրության վավերացումը թուրքական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով կասեցվել է:





























