Ղրղըզստանում քրեական գործ է հարուցվել հեռուստահաղորդավարուհի Նազիրա Այթբեկովայի առեւնգման  փաստով: Ինչպես հայտնել են հանրապետության ՆԳՆ-ի մամուլի ծառայությունում, քրեական գործ է հարուցվելու 2 հոդվածներով` «Խուլիգանություն» եւ «Մարդու առեւանգում»: 

Ըստ Նազիրա Այթբեկովայի ամուսնու` տուժածն արդեն փաստաբան է վարձել, որը պնդելու է, որ քրեական գործեր հարուցեն նաեւ «Բռնաբարության փորձ» եւ «Սպանության փորձ» հոդվածներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 30-ին ղրղըզական  թերթի աշխատակիցները «Ռոզիգրիշ» հաղորդման շրջանակում ատրճանակի սպառնալիքով առեւանգել էին հեռուստահաղորդավարուհուն, ստիպել էին հանվել եւ հրաժեշտի նամակ թելադրել փոքրիկ տղային:  

Ըստ հաղորդավարուհու` միայն դրանից հետո էին նրանք խոստովանել, որ առեւանգումը կազմակերպված է եղել: «Սուպեր ինֆո» թերթի ղեկավարությունը հաղորդավարուհուց ներողություն է խնդրել եւ հայտարարել, որ այդ ամենը կազմակերպած 2 լրագրողները հեռացվել են խմբագրությունից: