ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ, որպեսզի հասնի գլխավոր նպատակին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ի մամուլի ասուլիսում հայտնել է ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ինչպես «Բարգավաճ Հայաստան», այնպես էլ  «Ժառանգություն», ՀՅԴ կուսակցությունների, ինչպես նաեւ Հանրապետական կուսակցության այն հատվածի հետ, որը կողմ է Սերժ Սարգսյանի հեռանալուն: Դիտարկմանը, թե վերոնշյալ ուժերից բացի խորհրդարանում կա նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, Մանուկյանը սարկազմով նշեց, որ վախենում է այդ կուսակցության անունը հիշատակել. «Դա շատ հզոր քաղաքական ուժ է, անգամ վախենում եմ հիշատակել: «Օրինաց երկիրը» Հայաստանի քաղաքական դաշտի խայտառակությունն է»:

Մանուկյանը նաեւ նշել է, որ եթե քաղաքական ուժերին չհաջողվի համախմբվել, ապա երկիրը կհայտնվի անելանելի դրության մեջ: Նաեւ հավելել է, որ չպետք է զարմանալ, որ Հանրապետական կուսակցությունում կան այնպիսիք, ովքեր կանցնեն ընդդիմության կողմը: «Հիշեք Օսկանյանի հարցով քվեարկությունը:  Հանրապետական 6 պատգամավորներ դեմ էին քվեարկել: Իսկ դա եւս մեկ անգամ ապացուցում է իմ խոսքերը»: