Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը անթույլատրելի է համարել հայկական քաղաքացիական օդանավերին հարվածելու մտադրությունը: Հիշեցնենք, որ նման սպառնալիքներով պարբերաբար հանդես է գալիս Ադրբեջանը:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներկայացուցիչ ես առաջնորդվում եմ համանախագահների հայտարարությամբ: Երկու կողմերն էլ պետք է ձեռնպահ մնան սադրիչ գործողություններից: Սակայն որեւ բռնի գործողություն քաղաքացիական օդանավերի նկատմամբ անթույլատրելի է»,-ընդգծել է ամերիկյան դեսպանը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման, սակայն թռիչքներ դեռեւս չեն իրականացվում:
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հեռանկարը առաջ է բերում Ադրբեջանի հիստերիկ արձագանքը: Այդ երկրից պարբերաբար սպառնում են հարվածել հայկական քաղաքացիական օդանավերին, որոնք կթռչեն Ստեփանակերտ: Նման սպառնալիքները հակասում են քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջազգային օրենսդրությանը:
Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի հնարավոր դերին, դեսպանը հիշեցրել է, որ բանակցությունները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինկի խմբի հովանու ներքո: «ՆԱՏՕ-ն այստեղ չի կարող դեր ունենալ»,-ամփոփել է դեսպանը:





























