Եմենում թխվածքաբլիթների արկղերի մեջ հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, որոնք ուղարկվել են Թուրքիայից։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Եմենի պաշտպանության նախարարության ինտերնետ կայքում տեղ գտած եւ ֆրանսիական AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայից ծովային ճանապարհով Եմենի Ադենի նավահանգիստ ուղարկված թխվածքաբլիթների արկղերում մեծ քանակությամբ մաքսանենգ զենք եւ զինամթերք է հայտնաբերվել։

Նշվում է, թե զենքներն ուղարկվել են Եմենում իրավիճակի ապակայունացման համար։ Իրաքյան «Նահրաինետ» կայքը՝ վկայակոչելով եմենյան լրատվամիջոցները, նշում է, թե Թուրքիայից ուղարկված զենքերով նախատեսված է Եմենում լարվածություն ստեղծել եւ մահափորձ կատարել Եմենի ընդդիմության առաջնորդի դեմ։

Թուրքիայի ԱԳՆ-ը հաստատել է, որ հիշյալ բեռները Թուրքիայից Եմեն են ուղարկվել մասնավոր մի ընկերության կողմից՝ նշելով, թե խնդրի կապակցությամբ հետաքննություն են սկսել։