Հայաստանը մտադիր է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Այդ մասին Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա սեմինարի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 5-ին, հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:

Այդ համատեքստում նա նշել է Հայաստանի նախագահի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենի հանդիպման, ինչպես նաեւ Դաշինքի գլխավոր քարտուղարի Հայաստան այցի կարեւորությունը: Ըստ փոխնախարարի` ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումն  ուղղված է տարբեր մարտահրավերներին դիմակայելու երկրի ունակության բարձրացմանը: 

Հիշեցնենք, որ  Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի ակտիվ համագործակցության ուղղություններից մեկը խաղաղարարական գործունեությունն է եւ հայ զինվորների մասնակցությունը Կոսովոյի եւ Աֆղանստանի առաքելություններին: «Հայաստանն անվտանգության սպառողից դարձել է մատակարար», - վստահեցրել է Աշոտ Հովակիմյանը: