ԼՂՀ անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակում Սուվորովի եւ Մադաթովի անվան զինվորական ուսումնարան ստեղծելու ծրագիր է սկսել: Աշխատանքների համակարգողը լեգենդար Կոմանդոսն է՝ գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Նախագծի իրականացման հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զինվորական ուսումնարան բացելու գաղափարը պատկանում է գործարար Լեւոն Հայրապետյանին, ով իր վրա է վերցրել նախագծի ֆինանսավորումը:
Ուսումնարանի սաները զինվորական կրթություն կստանան հենց դպրոցական նստարանից: «Ներկայումս մեր նպատակը օտարերկյա փորձը յուրացնելն է: Հատուկ այդ նպատակով արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել»,-ասել է Կոմանդոսը, հավելելով, որ Հայաստանի եւ Արցախի պաշտպանությունը համահայկական պարտք է: Այդ նպատակով նա ընդգծել է սփյուռքի հայության ներգրավումն այդ սուրբ գործին:
Սուվորովի եւ Մադաթովի անվան զինվորական ուսումնարանը կհամապատասխանի բոլոր ժամանակակից եւ միջազգային նորմերին ու չափանիշներին: Նախագծի համաձայն, բացի զինվորական եւ կենցաղային զորամասերից, ուսումնարանը կունենա ֆուտբոլային դաշտ՝ տրիբունաներով, բռնցքամարտի ռինգ, ծանրամարտի սրահ, բասկետբոլի, վոլեյբոլի եւ թենիսի հրապարակներ, ինչպես նաեւ պտղատու այգի
Գանձասարից ոչ հեռու կառուցվող զինվորական ուսումնարանն իրագործվող ծրագրի մի փոքր մասն է միայն: Այդ ծրագրի մնացած բաղադրատարրերն այս պահին գաղտնի են պահվում: Իրադարձությունների զարգացմանը զուգահեռ գաղտնիքները կբացվեն:











