Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, նրա երկու փակ սահման ունի, ուստի անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել իր աշխարհաքաղաքական դիրքորոշումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, նման տեսակետ հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ հանդես գալով Երեւանում ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող սեմինարի ժամանակ:

Նրա խոսքով, Հայաստանը կարող է կիսել արեւմտյան արժեքները, տնտեսական եւ նյութական շահ ստանալ: Ամերիկացի դիվանագետը նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանին հնարավորություն է տրված ընդլայնել «լիազորությունները» այլկերպ ասած, մասնակցել քննարկումներին:

«Մենք չենք ստիպում մեր գործընկերներին , նրանք իրենք են ընտրում՝ ինչպես եւ ինչ ուղղությամբ համագործակցել: Հայաստանի մասով մենք ճանաչում ենք նրա ներդրումը ՆԱՏՕ-ի անվտանգության քաղաքականության տարածման գործում»,-ասաց դեսպանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի ակտիվ համագործակցության ուղղություններից մեկը խաղաղապահ գործունեությունն է եւ հայ «երկնագույն սաղավարտների» մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում: