Հայաստանում քաղաքական գործիչների ելույթները հիշեցնում են բաժակաճառեր։ Այդ մասին նոյեմբերի 5-ին մամուլի ասուլիսում ասաց դերասանուհի Լալա Մնացականյանը։
Անրադառնալով Հայաստանում առաջիկա ներքաղաքական զարգացումներին, նա ասաց, որ Հայաստանում իշխում է վախի մթնոլորտը. « Մենք ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում, իսկ այն երկրում, որտեղ մարդիկ ապրում են վախի մտնոլորտում, ստրկանում կամ ուղղակի փախչում են»,-նշեց դերասանուհին։
Հարցին՝ նախագահի թեքնածուներից ում նախապատվություն կտար, նա պատասխանեց, որ որոշակի կարծիք իր մոտ չի ձեւավորվել ու դեռեւս չի տեսնում այն ռեալ ուժը. « Անհրաժեշտ է երկրում հաստատել օրենքի իշխանություն, երբ բոլորը՝ նույնիսկ այդ օրենքները ստեղծողները ենթարկվեն, պատասխան տան նրա առջեւ։ Կարեւորում եմ ազգանվեր նոր սերնդի դաստիարակումն, որ հիմա չի արվում, մենք դաստիարակում ենք հայրենիքը սիրող ու նրա համար մեռնող, այլ ոչ թե հայրենիքի համար ապրող սերունդ։ Անհրաժեշտ է կատարել կառուցվածքային փոփոխություններ, իսկ հիմա մենք բոլորս նույն կաթսայում ենք, իսկ վիշապը ծնում է նոր վիշապիկներ։ Վարչապետ կամ նախագահ մարդիկ տարիներով մշակում ու դաստիարակում են, իսկ այն ինչ հիմա կատարվում է, դժվար թե առողջ մի ուժ ընտրելու հնարավորություն տա, ով կկարողանա արժանապատիվ կրել այդ բեռը»,- ասաց Մնացականյանը։
Իսկ հարցին՝ ավելի արդյունավետ չէր լինի կայքերում ու հեռուստատեսությամբ արվեստագետների կողմից առկա խնդիրների բարձրացումը, դերասանուհին նշեց, որ ինքը կարող է ընդամենը արտահայտել իր կարծիքը, առաջարկել խնդրի լուծման տարբերակը. «Ես իմ գործում անկեղծ ու մաքուր եմ, կատարում եմ միչեւ վերջ, բայց ավելի մեծ պատասխանատվություն, թե որն է ճիշտն ու սխալը, ես չեմ համարձակվի իմ ուսերին կրել», -ասաց դերասանուհին։




























