Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան վերադարձել է հայրենիք եւ պատրաստ է պատասխանել իր գործունեության հետ կապված բոլոր հարցերին: Այս մասին նա գրել է այսօր՝ նոյեմբերի 5-ին, Facebook-ի իր էջում տեղադրված հայտարարության մեջ:

Խորհրդարանական ընտրություններից հետո վրացական լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Բաչո Ախալայան եւ նրա եղբայր Դաթա Ախալայան, զբաղեցնելով բարձր պաշտոններ ՊՆ-ում եւ ՆԳՆ-ում, լքել են երկիրը: Ենթդարվում էր, որ նրանք խուսափում են Վրաստանի նոր իշխանությունների հետապնդումներից: Այդ ժամանակից ի վեր սա Ախալայայի առաջին մեկնաբանությունն է:

«Ցանկանում եմ հրապարակայնորեն հայտարարել, որ ես երկիրը ժամանակավորապես եմ լքել… Ուզում եմ դիմել վրաց ժողովրդին՝ ես պատասխանատվություն եմ կրում իմ բոլոր գործողությունների ու քայլերի համար… Ես վերադարձել եմ Վրաստան եւ պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին՝ համապատասխան մարմինների կողմից հետաքննության դեպքում»,-հայտարարել է Ախալայան, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Նա «կեղտոտ զրպարտչական արշավ» է անվանել տեղեկությունը, ըստ որի ինքն իբր առնչություն ունի վրացական բանտերում իրականացված խոշտանգումների հետ: Միաժամանակ, Ախալայան հայտարարել է, որ Վրաստանը լքել է ընտրություններից հետո, որպեսզի հետո իրեն չմեղադրեն իշխանությունը նոր կառավարությանը փոխանցելուն խոչընդոտելու մեջ: «Ես չէի ցանկանում, որ այսօր իշխող քաղաքական խմբից որեւէ մեկը կարծեր, թե ես կարող եմ որեւէ կերպ խանգարել արդար եւ ազատ ընտրությունների անցկացմանը եւ ընտրություններից հետո իշխանության փոխանցմանը»,-գրել է Ախալայան: