Թուրքիայի բանտերում հացադուլ հայտարարած քուրդ գործիչներին աջակցելու համար Իզմիրում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքի ելույթը զարմացրել է թուրքական լրատվամիջոցներին։

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հանրահավաքի եւ այնուհետ երթի մասնակցած քուրդ պատգամավորը դիմել է թուրքական իշխանություններին. «Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Քրդերը 1915-ի հայերը չեն, որ կոտորեք։ Քրդերը 1955-ի սեպտեմբերի 6-7-ը վերապրած հույները չեն, հրեաները չեն, որ նրանց բռնանաք։

Մենք երբեք արյան եւ բռնության վրա քաղաքականություն չենք իրականացրել։ Եթե բանտերից դուրս հանեն հացադուլավորների դիակները, ժողովուրդը դա չի մարսի, մենք էլ չենք մարսի։ Դրա համար ձեզ կոչ եմ անում զգոն լինել»,-ասել է քուրդ պատգամավորը։

Նշենք, որ Սըրրը Սաքըքը նախորդ տարի Թուրքիայի խորհրադարանում հայտարարել էր, թե Թուրքիայում կոտորելու մշակույթ կա եւ նշել, թե 1915-ին Թուրքիայում հայերին կոտորեցին, որից հետո սկսեցին կոտորել հրեաներին եւ քրդերին։ 

Պատգամավորները կոչ էին արել Սաքըքին 1915-ը չանվանել կոտորած եւ հետ վերցնել իր խոսքը, ինչին Սաքըքը պատասխանել է, թե պետք է պատմությունը իմանալ եւ առերեսվել դրա հետ։