Վերջին տարիների ընթացքում ՀԱԿ-ը աչքի է ընկել քաղաքական դաշտում իր անվճռականության ու տարբեր կեղտոտ մեխանիզմների կիրառման մեջ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
«Խորհուրդ կտայի կողքից նայեն իրենց հավաքական կերպարին, որտեղ ոչինչ չի մնացել, մի երկու-երեք մարդիկ, որոնք կոռեկտության սահմաններից դուրս կրկին փորձում են վիրավորել այն քաղաքական ուժերին, որոնք իրենց հակառակ քաղաքական դաշտում են գտնվում, իսկ դա նրանց բնորոշ ոճն է ու շարունակական բնույթ է կրում»,-ասաց Հեղինե Բիշարյանը։
Նա նշեց, որ Արամ Մանուկյանի այսօր հնչեցրած արտահայտությունը դուրս է քաղաքավարության տարրական կանոններից, ուստի այսուհետ, եթե «Օրինաց կուսակցության» հանդեպ լինի նման ոչ կոռեկտ վիրավորանքներ, ապա դրանք կարժանանան շատ ավելի կոշտ գնահատականի։
Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնել էր, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի «Օրինաց երկիր» կուսակցությունից ու սարկազմով նշել, որ վախենում է անգամ այդ կուսակցության անունը հիշատակել. «Դա շատ հզոր քաղաքական ուժ է, անգամ վախենում եմ եմ հիշատակել. «Օրինաց երկիրը» Հայաստանի քաղաքական դաշտի խայտառակությունն է»:




























