Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռեւս չի ճանաչվել Հայաստանի Հանրապետության կողմից, եւ դա հանդիսանում է հայկական կողմի ամենալուրջ փոխզիջումը` հանուն հակամարտության խաղաղ կարգավորման: Այս մասին Panorama.am-ին հայտնել է Հայաստանի Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի գրասենյակի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի` կարգավորման գործընթացի շուրջ ապատեղեկատվության եւ միջազգային հարթակում Ադրբեջանի ձեռքբերումների մասին կեղծ տեսությունները շրջանառության մեջ դնելու փորձի մասին:
«Տվյալ փաստը իր հերթին բարձր գնահատական է ստացել միջազգային հանրության եւ քաղաքակիրթ աշխարհի այն հատվածի կողմից, որը հետաքրքրված է խաղաղ կարգավորմամբ»,-նշել է Ա. Ապիտոնյանը:
Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԼՂՀ-ի ճանաչման հարցում «սառույցը տեղից շարժվել է», որի ապացույցը այն պաշտոնական փաստաթղթերն են, որոնք ընդունվումը դեռեւս տարածաշրջանային մակարդակով եւ պաշտոնական անձանց Արցախ այցելությունների թվի աճը:
Նրա խոսքով, միջազգային հանրությունը Ադրբեջանին գրեթե «հաղորդագրություն» է ուղարկում այն մասին, որ «ստատուս-քվոն» Ադրբեջանի օգտին չի աշխատի, իսկ ռազմական ավանտյուրայի դեպքում Արցախը պաշտոնապես կճանաչվի արդեն ոչ միայն Հայաստանի Հանրապետության կողմից, այլ նաեւ միջազգային մակարդակով այլ երկրների կողմից:
Ա. Ապիտոնյանը ընդգծել է, որ այս ամենը պետք է հասկանան Ադրբեջանի նախագահի գրասենյակում, սակայն, հաշվի առնելով ադրբեջանական մամուլի վերջին հրապարակումները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ ստորագրությունների հավաքագրում սկսելու մասին, որտեղ կրկնվում է ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց մերժված տեսութունը, պաշտոնական Բաքվի կողմից իրավիճակի սթափ ընկալումը հարցականի տակ է մնում:
Դա հատկապես վառ կերպով դրսեւորվում է Ն. Մամեդովի այն արտահայտություններում, որոնք վերաբերում է միջազգային հարթակում Ադրբեջանի երեւակայական հաջողություններին եւ հեղինակության աճին: «Այս տարվա ընթացքում ընդամենը մի քանի ամսվա մեջ Ադրբեջանը հաջողացրել է երեք անգամ միջազգային քննադատության թիրախ դառնալ` հայտնվելով ինչպես առաջատար լրատվամիջոցների առաջին էջերում, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հաշվետվությունների մեջ` կապված կոռոպցիոն սկանդալների, «Եվրատեսիլ» մրցույթի, ինչպես նաեւ մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման հետ, իսկ հիմա նաեւ աշխարհի տարբեր երկրներում` մահացած առաջնորդ Հեյդար Ալիեւի հուշարձանների կանգնեցման շուրջ ծագած սկանդալով: Տարօրինակ պատկերացում ունի Բաքուն միջազգային հարթակում հաջողությունների եւ հեղինակության մասին» ,-նշել է Հայաստանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչը:
Ա. Ապիտոնյանը նաեւ խորհուրդ է տվել Ադրբեջանի նախագահի գրասենյակի գործընկերներին խուսափել Հայաստանի նկատմամբ օգտագործել «երեսառած երեխա» արտահայտությունը` ենթագիտակցական մոտիվացիաների բացահայտումից խուսափելու համար:




























