Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ս.թ. նոյեմբերի 6-9-ը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության կազմում կմեկնի Իրաքի Հանրապետություն` մասնակցլու հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին։ Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերի 4-7-ին Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության կազմում Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլը։ Այդ կարճ ժամանակում կայացած հանդիպումների արդյունքում սեպտեմբերի 6-ին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը եւ Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլը «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախատեսվում է, որ Բաղդատում կհստակեցվեն Փոխըմբռնման հուշագրով ամրագրված համագործակցության ուղղությունները։ Առանձնակի կարեւորություն կտրվեն երկու երկրների հվանդանոցների միջեւ ուղղակի համագործակցության խթանման, Իրաքից Հայաստանի Հանրապետությունում բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման, Հայաստանում Իրաքի բժիշկների համար կրթական ծրագրերի կազմակերպման, բժշկագիտության ոլորտում կազմակերպվող գիտաժողովներին, համաժողովներին, դասընթացներին երկու երկրների մասնագետների մասնակցության ապահովման, ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ ամենամսյա տեղեկատվության փոխանակման եւ այլ հարցերին։




























